ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Բայազետ

Բայազետ
11.04.2024 | 21:50

«Տավրոսի մուտք». այսպես էր կոչել Հռոմեացի պատմիչ Տակիտոսը Բայազետի Դարոյնք բերդը:

ԴԱՐՈՅՆՔԻ (ԲԱՅԱԶԵՏԻ) բերդը/A DAROYNK Fortress
Բայազետի (Դարոյնքի,Դարույնք, Դարունից բերդ) – Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոգովիտ գավառում` Մակվա գետի հովտում: Հանդիսացել է համանուն գավառի կենտրոնը:
Առաջին անգամ հիշատակվում է 4-րդ դարում պատմիչ Փավստոս Բուզանդի կողմից:
Այն 4-րդ դարում Մեծ Հայքի հայտնի բերդերից էր: Մինչև 5-րդ դարի սկիզբը պատկանել է Արշակունիներին: Արշակունիների թագավորության շրջանում բերդը ծառայել է որպես արքունական գանձարան ու ապաստարան, այլ կարևոր, պետական նշանակության խորհրդանիշերի հետ մեկտեղ՝ այստեղ են պահվել արքայական թագերը: Արշակունյաց թագավորության անկումից հետո Դարոյնքը գրավեցին պարսիկները, 7-րդ դարում բերդաքաղաքին տիրացան արաբները:
Այնուհետև անցել է Բագրատունիներին:
10-րդ դարում պատկանել է Արծրունյաց նախարարական տանը:
13-րդ դարում գրավել են մոնղոլները:
1555 թվականի Ամասիայի թուրք-պարսկական պայմանագրով Բայազետի բերդն անցել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Ի պատիվ Օսմանյան սուլթան Բայազիդ I-ի (1389–1402 թթ.)` 15-րդ դարից բերդը կոչվել է Բայազետ:
Բայազետն իբրև ամուր բերդաքաղաք, XIX դարում և XX դարի սկզբներին միշտ եղել է ռուս-թուրքական հարաբերությունների կիզակետում։
1828 թվականի օգոստոսի 28-ին հայ կամավորականների օգնությամբ բերդը գրավել են ռուսական զորքերը, սակայն, 1829 թվականի սեպտեմբերի 2-ի Ադրիանապոլսի հաշտության պայմանագրով վերադարձրել են Թուրքիային:
1854 թվականի հուլիսի 29-ին ռուսական զորքերը 2-րդ անգամ են գրավել Բայազետի բերդը, սակայն, Փարիզի 1856 թվականի մարտի 18-ի հաշտության պայմանագրով այն վերստին վերադարձրել են Թուրքիային: 1877-1878 թթ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ` 1877 թվականի ապրիլի 30-ին 3-րդ անգամ գրավում են Բայազետի բերդը: Սակայն մեկ ամիս անց` հունիսի 6-ին Բայազետի բերդը, որտեղ գտնվում էին ռուսական փոքրաթիվ ուժերն ու մի քանի հարյուր հոգուց բաղկացած հայ կամավորները, պաշարվում է Վանի փաշայի թուրքական զորքերի կողմից: Սակայն, բերդի պաշտպանները չեն հանձնվում և չնայած սննդի և ջրի խիստ պակասին, օրեկան մի կում ջրով և մի կտոր ձիու մսով 23 օր շարունակ կապիտան Ֆեոդոր Շտոկվիչի գլխավորությամբ դիմադրում են իրենց քանիցս գերազանցող թշնամուն:
Ի վերջո, ռուսական բանակի հայազգի գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի գլխավորած Երևանյան ջոկատը, տեղեկանալով Բայազետի բերդի պաշարման մասին, հասնում է օգնության և 8 ժամ տևած ծանր մարտերից հետո հաղթական կերպով մտնում է Բայազետ և փրկում պաշարված հայ և ռուս մարտիկներին:
1878 թվականի փետրվարի 19-ի Սան-Ստեֆանոյի ռուս-թուրքական հաշտության պայմանագրով Բայազետն անցնում է Ռուսաստանին, սակայն, նույն թվականի հուլիսի 1-ի Բեռլինի միջազգային կոնգրեսի որոշմամբ դարձյալ վերադարձվում է Թուրքիային: 1914 թվականի հոկտեմբերի 21-ին ռուսական զորքերը հայ կամավորների օգնությամբ
4-րդ անգամ գրավում են Բայազետի բերդը: 1918 թվականի մարտին Բայազետի բերդին վերջնականապես տիրում են Անդրկովկաս արշավող թուրքական զորքերը:
XVIII դարի կեսերին այն ուներ 2000 տուն՝ մոտավորապես 10-12 հազար հայ բնակիչներով, իսկ 1812 թվականին նրա ամբողջ բնակչությունը հասնում էր մոտավորապես 12 հազար մարդու, որի մեծ մասը դարձյալ կազմում էին հայերը։
Բայազետը Արևմտյան Հայաստանի փոքր, բայց մեր ժողովրդի պատմության մեջ հիշատակության արժանի բերդաքաղաքներից է։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3653

Մեկնաբանություններ